Запись опубликована verjinlurer.am. You can comment here or there.

verjinlurer.am
Հայոց աշխարհ. Ցանկացած իշխանություն իր բնույթի բերումով ձգտում է սեփական դիրքերի ամրապնդման, ինքնահաստատման։ Եվ դա կարելի է միայն ողջունել, քանզի այլընտրանքային հասարակական վիճակը՝ անիշխանությունը, քաոսը, կործանմամբ է սպառնում ողջ հասարակությանը։
Հասարակական օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար իշխանությունը պիտի կարողանա կազմակերպել, ներգրավել, թե կամենաք՝ մոբիլիզացնել ողջ բնակչությանը։ Նա ոչ մի դեպքում իրավունք չունի թույլ տալ, հայտնի ռուս փիլիսոփա եւ քաղաքագետ Ա.Պանարինի արտահայտությամբ, «տիեզերական բոլոր էներգիաներից կարեւորագույնի՝՝ մարդկային էնտուզիազմի սպառում»։
Իշխող դասը պիտի կարողանա հմտորեն, վարպետորեն ուղղորդել, մատնանշել, կողմնորոշել քաղաքացիական հասարակության բազմազան եւ, որպես կանոն, մասնատված ու տարանջատ ինստիտուտների գործունեությունը։
Այլ կերպ ասած, իշխող էլիտան պիտի վայելի ժողովրդի մեծամասնության, ցանկալի է՝ ճնշող մեծամասնության աջակցությունն ու վստահությունը, որը պիտի հաստատապես վստահ լինի նրա ընդունած որոշումների իրավացիության, իրականացվող քաղաքականության արդարացիության ու խելամտության մեջ եւ ընդունի գոյություն ունեցող պետական մարմիններն ու հաստատությունները որպես բացարձակ լեգիտիմ։
Իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանություն ուղեղների նկատմամբ։ Ըստ որում, բնականաբար՝ ոչ միայն նպատակին հասած ու հաջողակ (նրանք առանց այդ էլ սատարում են կառավարող էլիտային), այլեւ ձախողված, թշվառ ու տուժած, աղքատ, իրավազուրկ, ստորացված ու անելանելի վիճակում ապրող ուղեղների։ Այսինքն՝ նրանց, ովքեր մեր երկրում, ցավոք, շատ են։
Այսպիսով, նրանք, ում ձեռքին են պետական կառավարման սանձերը, բացի քաղաքական եւ տնտեսական իշխանությունից, պիտի ունենան նաեւ հոգեւոր իշխանության զգալի բաժին։
Հոգեւոր իշխանությունը, ինչպես հայտնի է, իրականացնում է մտավորականությունը։ Նկատենք, որ այստեղ առաջնահերթ նշանակություն ունի բարոյական չափումը։ Մտավորականությանը տվյալ դեպքում պետք է դիտել ոչ միայն եւ ոչ այնքան որպես հատուկ գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների տեր, որքան նախեւառաջ եւ գլխավորապես՝ որպես ոգեղենության պահապան։
Իհարկե, հիվանդ, այլասերված ու բարոյազուրկ, կոպիտ օգտապաշտությամբ լիովին ներծծված, բացառապես նյութական կարիքների եւ ձեռքբերումների նկատմամբ զգայուն հասարակության մեջ մտքերի տիրակալ, նորաձեւության, բարքերի եւ պահվածքի համընդհանուր կանոնների օրենսդիր են դառնում մտավորականության հետ չնչին կապ իսկ չունեցող սուբյեկտները։ Բայց հենց որ հասարակությունը ապաքինվում է եւ ազատվում մերկ պրակտիցիզմի հիվանդությունից, մտավորականությունը կրկին գերիշխող դիրք է գրավում հոգեւոր ոլորտում։
Եվ այսպես. ե՛ւ սեփական դիրքերի ամրապնդման, ե՛ւ սոցիումի առաջընթաց զարգացման համար պետությունը, ի դեմս կառավարող էլիտայի, ստիպված է իր կողմը գրավել մտավորականությանը։
Երբեմն ներկայիս իշխող դասին դա ընդհանուր առմամբ հաջողվում է, բայց մեծ մասամբ նա գործում է կոպիտ, ապաշնորհ, եւ նրա բոլոր փորձերն այդ բնագավառում ապարդյուն են լինում։
Ինչո՞ւ է այդպես։ Մտավորականությանը ապարդյուն «ընտելացնել» փորձող քաղաքական ու տնտեսական իշխանությամբ օժտվածների այդ յուրօրինակ պատուհասի հիմնական պատճառն արմատավորված է խորքային օրինաչափությունների եւ պատմական գործընթացի պարադոքսների մեջ։ Կառավարող էլիտայի համար միշտ դժվար է պայմանավորվել մտավորականության հետ, գտնել սեփական դիրքերի ամրապնդման համար այդչափ անհրաժեշտ նրա ըմբռնումն ու աջակցությունը։
Եվ այդուհանդերձ, չնայած հոգեւոր իշխանության հետ քաղաքական իշխանության եւ տնտեսական էլիտայի լիակատար միաձուլման օբյեկտիվ անհնարինությանը, դրանց մասնակի միավորումն իրագործելի է, իսկ գլխավորը՝ միանգամայն անհրաժեշտ։
Մտավորականության նկատմամբ մեր երկրի տիրապետող դասի քաղաքականության կիսատ-պռատությունը դրսեւորվում է նրանով, որ նա այսօր սատարում է այդ սոցիալական խմբի հիմնականում միայն մի մասին՝ ստեղծագործական մտավորականությանը։ Եվ անբավարար ուշադրություն հատկացնում, օրինակ, ակադեմիական եւ բուհական գիտության ներկայացուցիչներին։ Կարծում ենք, նման վերաբերմունքն անհրաժեշտ է վերանայել։
Մարդկանց մտքի եւ հոգու հանդեպ իշխանությունը ենթադրում է ոչ միայն ակտիվ աջակցություն մտավորականության կողմից։ Անհրաժեշտ է պետական գաղափարախոսություն։ Ըստ որում, բացարձակապես կարեւոր չէ՝ հռչակվա՞ծ է դա պաշտոնապես ու ամրագրված օրենսդրորեն, թե՞ ոչ։ Գլխավորը, որ այն գոյություն ունենա փաստացի եւ ընկալվի, խրախուսվի ժողովրդի մեծամասնության կողմից։
Դրա համար պետական գաղափարախոսությունը պիտի ոչ միայն պարզ ու հստակ ձեւակերպվի եւ հասկանալի լինի բնակչությանը, այլեւ ապահովված լինի դրա քարոզչության, զանգվածների գիտակցության մեջ ներդրման ուղղությամբ ամենատարբեր ու արդյունավետ միջոցների մի ամբողջ համալիրով։
Ե՛վ մեկ, ե՛ւ մյուս հարցում, ի դեպ, ահռելի դեր է պատկանում մտավորականությանը։